вторник, 18 декабря 2018 г.

Արցախյան մառախուղները․Ելենա Շուվաևա-Պետրոսյանի պատմվածքը


Արցախյան մառախուղները․Ելենա Շուվաևա-Պետրոսյանի պատմվածքը
Դեկտեմբերի 18, 2018, 19:10

Գրող, բանաստեղծ Ելենա Շուվաևա-Պետրոսյանը ծնվել ու մեծացել է Ռուսաստանում, բայց մոտ երկու տասնամյակ է՝ ապրում և աշխատում է Հայաստանում։ Ելենան լեռնագնաց է, “Гора” (GORA magazine) ամսագրի գլխավոր խմբագիրը։ Լեռնագնացների և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի անդամ է, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի գրողների միությունների անդամ։ Պատերազմի և խաղաղության մասին Ելենայի «Арцахские туманы» լիրիկական պատմվածքը peoplemedia.am-ն իր ընթերցողին է ներկայացնում հայերեն թարգմանությամբ․

Որքան հաճախ է Արցախն ինձ մառախուղով դիմավորել՝ խիտ, անթափանց, թանձր կամ կցկտուր, ցրված, բզկտված, ցրտաշունչ կամ ծիածանի գույներով։ Այո, Արցախն ինձ մառախուղով բազմիցս է դիմավորել։ Իսկ վերջերս, Շուշիում երազ տեսա։ Ես քայլում էի հին գերեզմանատանը․ սովորական բան է ինձ համար, ես հաճախ եմ քայլում անցավորների հավերժական հանգստի դարավոր վայրերով, ու շատ հաճախ՝ ռուսական ու հայկական, ասես ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին եմ փնտրում (մի անգամ գտա՝ իմ ռուսական անունով ու հայկական ազգանունով տապանաքար։ 33 տարեկանում էր մահացել, ես արդեն հատել եմ այդ սահմանագիծը)՝ մոխրագույն քարերի վրա կարդում եմ կյանքի պատմությունը, հետո խաղաղվում եմ, նստում ու ականջ դնում բնությանն ու ինձ։

Ոչ մի տեղ այնքան լուռ ու հանգիստ չի լինում, որքան հին գերեզմանատներում։ Երեկ, արցախյան մառախուղների մեջ թափառելուց ու վազվզելուց հետո, ժամանակի հանգույցներում խճճված քնով ընկա և կրկին գերեզմանատուն վերադարձա։ Այս անգամ վաղ ամառ էր՝ իր վարդագույն, թեթև մառախուղով, որն ահա շուտով կցրվի, հենց արևի շողերը պայծառանան, թեժանան։ Շուրջբոլորը ծածկված էր երկար, մինչև գոտկատեղ հասնող ալ-կարմիր կակաչներով։ Ես զգուշորեն էի շարժվում քարերի արանքում՝ թեթև հպվելով ցողի կաթիլներով պատված կակաչների գլխիկներին։ Ձեռքերս անմիջապես սառեցին, ոտքերս խոնավացան, բայց ես շարունակում էի թափառել` լիովին վերացած իրականությունից, որին, թռչունների աղմուկի հետ միասին, ինձ վերադարձրեց ձեռքերիս ափերի մեջ զգացվող մարդկային ջերմությունը։

Ցրված տեսողությունս կենտրոնացավ․ երկար, մինչ գոտկատեղ հասնող ալ-կարմիր կակաչները ձեռքեր էին դարձել․․․ ձեռքերի մի ողջ դաշտ, որոնց ես հպվում էի։ նրանք քնքուշ էին, տաք ու հոգատար։ Նրանք խաղաղությամբ էին բուրում՝ ցորենով, գարիով, հացով ու կաթով՝ առանց վառոդի ակնարկի։ Զգացողություն էր, որ այս աշխարհն առաջին անգամ գոյություն ունի, և ես էլ առաջին անգամ գոյություն ունեմ, և այս ձեռքերը, որոնք ահա ցույց կտան նրանց, ում պատկանում են՝ ևս առաջին անգամ գոյություն ունեն․ այս ամենն ինձ զգայական նոր ընկալում բերեց․ ավարտվելով՝ ամեն ինչ նորից է սկսվելու։ Եվ սկսվելու է դա արարումից։ Ու շարունակվելու է արարումով։

Ես կանգնել էի ծաղկող ձեռքերի կենտրոնում գտնվող բարձր ժայռի վրա։ Մառախուղի ամենածանր կտորները փռվել էին ինչ-որ տեղ՝ ներքևում, ծառերի ճյուղերին կառչած։ Սիրտս խփում էր կրծքիս տակ, գլխումս, ձեռքերումս, ոտքերումս․ այդպես լինում է, երբ սիրահարված ես՝ մարդուն, կյանքին, գործին։ Ես կանգնած մտածում էի․ մառախուղները․․․ արցախյան այս թանձր մառախուղները, նրանք ասես անվտանգության պատյաններ լինեն՝ կոչված պաշտպանելու այս մի բուռ հողը, այս քնքուշ, տաք ու հոգատար ձեռքերը, որոնք խաղաղությամբ են բուրում։


Արցախյան մառախուղները
Թարգմանությունը՝ Peoplemedia.am

լուսանկարները՝ հեղինակային հոդվածից
(Читать полностью с сайта)

Комментариев нет:

Отправить комментарий